Տասը օր է, ինչ Արարատի մարզի Նոյակերտ համայնքում խմելու ջուր չկա: Բնակիչները բողոքում են, որ ամռան այս շոգ օրերին անհնար է ապրել առանց ջրի: NEWS.am-ի հետ զրույցում Նոյակերտ համայնքի ղեկավար Կարեն Պողոսյանը ասաց, որ երկու թաղամասում ջուր չկա:

«Խնդիրն այն է, որ երբ ջրի գիծը կառուցել են, շատ սխալներ են արել կառուցման ժամանակ: Ես եւ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը պայմանավորվել ենք, որ մեկ օր Եղեգնավան համայնքում է ջրամատակարարում կատարվելու, մեկ օր՝ Նոյակերտում»,- ասաց նա։

NEWS.am-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունից ասացին, որ իրենք այդ բնակավայրին լիարժեք ջրամատակարարում ապահովելու պարտավորություն չունեն։

«Կան 64 բնակավայրեր, որոնց ջուր տալը մեր իրավասությունների մեջ չի մտնում, բայց մենք նրանց ջուր տալիս ենք: Դա կոչվում է մեծածախ ջրամատակարարման ծառայություն: Տարբերությունն այն է, որ մանրածախի առաջ մենք ունենք պարտավորություն, այս դեպքում մենք պարտավորություն չունենք»,– ասացին ընկերությունից: