Բոլորիդ էլ հայտնի է, թե ձայնագրությունն ինչ պայմաններում էր տեղի ունեցել եւ ամբողջ դատական համակարգի վրա տարածել, ասել՝ թե բոլորը վախենում են, որ իրենց կձայնագրեն, մի քիչ ռեալ չեմ համարում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախկին նախագահ ռոբեն Վարդազարյանի կողմից իր ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը ձայնագրելու եւ հրապարակելու փաստին:

Նա նշեց, որ ինքն այնպիսի բան չի խոսել, որ մտավախություն ունենա, թե դա կարող էր ձայնագրվել ու իր դեմ օգտագործվել:

Հարցին, թե ի՞նչ է փոխվել այն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը լքել է Գագիկ Ջհանգիրյանը, Մակյանը պատասխանեց. Փոխվել է այն, որ այսօր այն սահմանագծին ենք աշխատում, որ երբեմն քվորում չի ապահովվում, ընդամենը քանակային առումով: ԲԴԽ նախագահը ղեկավար չէ, չի կարելի էասել, որ նա նաեւ ԲԴԽ անդամների ղեկավարն է, նա հավասար ձայներից օգտվող անձ է, ընդամենը արտաքին հարաբերություններում ապահովում է ԲԴԽ շփումները: ԲԴԽ նախագահի փոփոխությամբ ԲԴԽ-ում մեծ փոփոխություններ չեն կարող լինել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հիմա կա՞ն դատավորներ, որ նախկին իշխանության ազդեցության տակ են, ինչին Մակյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում տարանջատում անել, դատավորը ներքին անկախություն պետք է ունենա»:

ՇԻնչ վերաբերում է նրան, որ 2018-ի կոռուպցիոն գործեր կան, որոնցով մինչ այժմ որոշումներ չեն կայացվել, նա ասաց. «Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը խայտառակ մակարդակի է: Երբ ես նոր էի դատավոր աշխատում, Աջափնյակի դատարանը կարող էր տարեկան ստանալ 100 գործ, իսկ հիմա ամեն դատավորի վարույթում 200 քրգործ կա: Դրա համար դատական նիստերը ձգձգվում են: Այնպես չի, որ քաղաքական իշխանությունը միջամտում է, որ ձգձգվեն: Հակառակը, բոլորն այս պահին, այդ թվում քաղաքական իշխանությունը, շահագրգիռ են, որ նույն կոռուպցիոն գործերով կայացվեն դատական ակտեր»: