Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում տեղյակ չեն, որ Կիպրոսում կեղծ փաստաթղթերով շրջող, Ա. Այվազյան անունով հայ ֆուտբոլիստ է ձերբակալվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը։

«Գուցե նա նախկին ֆուտբոլիստ է»,- ասաց նա՝ հավելելով, որ քանի դեռ հայտնի չէ ֆուտբոլային ակումբի անունը, որտեղ խաղում է Այվազյանը, միայն ֆուտբոլիստի անուն-ազգանունով ոչինչ ասել չի կարող։  

Տիգրան Իսրայելյանը միաժամանակ բացառեց, որ ձերբակալված ֆուտբոլիստը կարող է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող լինել։

Հիշեցնենք, որ Կիպրոսում կեղծ փաստաթղթերով շրջող հայ ֆուտբոլիստ է ձերբակալվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատել էր Հունաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լիանա Գրիգորյանը։

Նա միաժամակ դժվարացել էր փաստի առնչությամբ հավելյալ տեղեկություններ տրամադրել՝ հաստատելով միայն մեր այն տեղեկությունը, որ ֆուտբոլիստը ոմն Ա. Այվազյանն է։ «Մենք քաղաքացու մասին տեղեկություններ չենք կարող տալ, նման տեղեկատվություն ոստիկանությունը մեզ էլ չի տրամադրում։ Եթե անգամ տրամադրում է, ապա միայն Հունաստանի դատախազի որոշման կամ հարցման հիման վրա»,-  նշել էր Լիանա Գրիգորյանը։