Լուսանկարում տոլով փաթաթված խողովակն ընկել է մեր տան տանիքից։ Ընկել է մի քանի ամիս առաջ՝ սաստիկ քամու եւ ուժգին ամպրոպի ժամանակ։ Ընկել ու հրաշքով չի վնասել որեւէ մեկին. վնասվել է միայն ավտոմեքենաներից մեկի անվածածկոցը։ Այդ ժամանակվանից խողովակն այդպես էլ ընկած է բակում՝ գրեթե արդեն դրոշմվելով ասֆալտի մեջ, եւ ոչ ոք չի դա չի հուզում։ Ամեն օր աղբատար մեքենաներ են անցնում, բայց խողովակը չեն տանում. դա իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Նրանց գործառույթն աղբի տարաների մաքրումն է, իսկ խողովակը տարայի մեջ խցկել չես կարող: Ամեն օր համազգեստով հավաքարարներն անցնում են դրա կողքով։ Բայց նրանք էլ խողովակը չեն տանում. ավելով էլ չես կարող ավլել խողովակը։

Եւս մի հրաշք տեղի է ունեցել մեկ-երկու շաբաթ առաջ։ Կրկին ուժեղ քամուց շենքի երեսից մի հսկայական սալաքար է ընկել։ Եվ կրկին հրաշքով բակում խաղացող երեխաները չեն տուժել։ Նույնիսկ ավտոմեքենաները չեն վնասվել։ Միայն անզեն աչքով երեւում է, որ շատ երեսպատման սալաքարեր, որոնք տեղադրվել են դեռ Խորհրդային Միության օրոք, պետք է ամրացվեն: Ոչ անտարբեր բնակիչները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ կախված սալաքարերն ամրացնելու համար։ Բայց այստեղ էլ է պարզվել, որ սալաքարերի ամրացումն Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթը չէ։ Եւ միակ բանը, ինչ իրենք կարող են անել՝ արձանագրություն կազմել եւ քաղաքապետարան ներկայացնել։ Ձեռքի հետ գաղտնի հայտնել են, որ քաղաքում այդպիսի վատ ամրացված սալաքարերը, ըստ երեւույթին, անթից-անհամար են։ Մինչդեռ խոսքը դպրոց, մանկապարտեզ, մարզադպրոց տանող բանուկ ճանապարհի մասին է։ Ուսումնական տարվա մեկնարկին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել։

Բայց վտանգը միայն վերեւից չէ։ Փողոց դուրս գալիս զգոնությունը մի կորցրեք եւ ուշադիր նայեք ոտքերի տակ։ Ընդհանրապես, Երեւանի փողոցները լիքն են ամենատարբեր անակնկալներով՝ փոսեր, բաց դիտահորեր։ Այդպիսի դիտահորի մասին NEWS.am-ը գրել էր. պետք է հարգանքի տուրք մատուցել. հրապարակումից հետո դիտահորն ամուր կափարիչ ստացավ։ Ինչ չի կարելի ասել այդ դիտահորի մասին. մայթի մեջտեղում՝ Անդրանիկի եւ Բաբաջանյան փողոցների շրջանաձեւ խաչմերուկում, շատ բանուկ վայրում։ Բաց դիտահորը «խնամքով» ծածկված է եզրաքարի կտորներով: Այն արդեն մի քանի ամիս է, ինչ այդպիսի վիճակում է։

Թե որքան երկար «հրաշքներ» տեղի կունենան, խողովակներն ու թիթեղները կթռնեն մեծերի ու փոքրերի կողքով, գիտությանը հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ վաղ թե ուշ կարող է ողբերգություն տեղի ունենալ, ինչպես եղավ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, մի դժբախտ օր 4 տոննա պիրոտեխնիկական արտադրանք պայթեց, որի հետեւանքով զոհվեց տասնվեց մարդ։ Ստացվում է ըստ ասացվածքի՝ քանի դեռ որոտ չկա, «մարդը» թքած ունի օդում կախված խողովակների ու թիթեղների, առանց կափարիչների դիտահորերի ու մարդաշատ վայրում տոննաներով պիրոտեխնիկայի վրա։





























