Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրային։ NEWS.am-ին տեղեկացրել են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՄԿ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մաքսային բարեփոխումներին առնչվող հարցեր։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս այցը կարեւոր խթան կլինի Հայաստանի` այլ երկրների մաքսային ծառայությունների հետ համագործակցությունն ընդլայնելու եւ մաքսային ոլորտում բարեփոխումներն առաջ մղելու գործում։
Սերժ Սարգսյանը Հայաստանի մաքսային համակարգի զարգացման եւ միջազգային չափանիշներին հնարավորինս արագ համապատասխանեցման անհրաժեշտությունը կարեւորել է հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու առումով։ «Այս ոլորտում տեղաշարժ արդեն իսկ ունենք, սակայն դա դեռեւս կատարելիք մեծ աշխատանքի սկիզբն է։ Մեր նպատակը բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մաքսային եկամուտների արդարացի եւ արդյունավետ հավաքագրումը։ Այս գործում անչափ կարեւոր է մաքսային մարմինների աշխատանքի որակական բարելավումը, ինչի համար ակնկալում ենք նաեւ ձեր կազմակերպության աջակցությունը», -նշել է Նախագահը։
Կունիո Միկուրան ասել է, որ Հայաստանի մաքսային համակարգում առաջընթացն ակնհայտ է, եւ բարեփոխումները շարունակելու դեպքում հնարավոր կլինի մեծացնել առեւտրային ծավալները, խթանել ներդրումները, հետեւաբար` ավելացնել մաքսային եկամուտները։ Նա պատրաստակամություն է հայտնել գործողությունների կոնկրետ ծրագրի միջոցով եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների ներգրավմամբ աջակցել Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումներին։




























