Ֆլորիդայի բնակիչը դատապարտվել է ինը տարվա դաշնային բանտարկության այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ավելի քան 30 կանանց ավելի քան 1,3 միլիոն դոլարի խաբելու համար՝ առցանց ծանոթությունների ծառայություններում ներկայանալով որպես բժիշկ, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով դատախազությանը:

47-ամյա Բրայան Բրեյնարդ Ուեջվորթը, որը նախկինում ապրել է Ֆլորիդայի մայրաքաղաք Տալահասիում եւ Ալաբամա նահանգի Սենթր Փոյնթում, ըստ դատական փաստաթղթերի, այդ սխեմայի շրջանակներում 10 տարբեր անուն է օգտագործել:

Դատական փաստաթղթերի համաձայն՝ Ուեջվորթը խոստումներ է տվել կանանց, որպեսզի համոզի նրանց իրեն գումար, զարդեր եւ ժամացույցներ ուղարկել։ Նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 25 կետով, այդ թվում՝ խարդախություն, փոստով խարդախություն, անձնական տվյալների կողոպուտ ծանրացուցիչ հանգամանքներում եւ փողերի լվացում հոդվածներով:

Գործը հետաքննվել է ԱՄՆ փոստային ծառայության եւ Հարկային ծառայության կողմից, եւ իշխանությունները հայտարարել են, որ փնտրում են նոր տուժածների։

Դատավճիռը կայացնելուց հետո Ուեջվորթը երեք տարով ազատ կարձակվի հսկողության ներքո: Նա նաեւ պետք է գրեթե 1,2 միլիոն դոլար փոխհատուցում վճարի: