Աշխատանքային այցով օգոստոսի 24-ից 26-ը Երեւան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումպի գլխավորած պատվիրակությունը: Այս այցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական ոստիկանությունների միջեւ 2009 թվականին հիմնված համագործակցության շրջանակներում երրորդ փոխադարձ այցելությունն է:

Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գասպարյանի եւ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա.Տեր-Սահակյանի հետ, այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջեւ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: