Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցը քննվել է գրավոր ընթացակարգով:

«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» վերտառությամբ որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի հայցը քննվել է գրավոր ընթացակարգով:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման մեջ դատարանի պատճառաբանությունները բավարար են Հայցվորի միջնորդության ոչ իրավաչափ լինելու հանգամանքի հաստատման համար:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Իրոաննիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները հիմնավոր և բավարար չեն արձանագրելու, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում կամ սխալ կիրառում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել հայցի ապահովման միջոցի կիրառման հարցի սխալ լուծման:

Հետեւաբար, դատարանը որոշել է մերժել վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց էր  ներկայացրել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։