Եգիպտոսը Կահիրեից հարավ գտնվող Սակարա հնագիտական վայրում ներկայացրել է թագավորական բարձրաստիճան պաշտոնյայի ավելի քան 3200 տարվա սարկոֆագ, հայտնում է AFP-ն։

Կահիրեի համալսարանի եգիպտացի հնագետների խումբը հայտնաբերել է կարմիր գրանիտե սարկոֆագ, որը պատկանել է Պտահ-էմ-Օուին՝ «բարձրաստիճան պաշտոնյա» Եգիպտոսը մ.թ.ա. 13-րդ դարում ղեկավարած Ռամսես II-ի օրոք, հայտնել է հնությունների նախարարությունը:

Նա «թագավորի քարտուղարն է եղել, անասունների գլխավոր վերահսկողը, Ռամզեսի գանձապետը»,- ասել է Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավար Մոստաֆա Վազիրին:

Պաշտոնյան նաեւ «պատասխանատու է եղել վերեւին եւ ստորին Եգիպտոսի բոլոր աստվածներին զոհաբերությունների համար»,- հավելել է Վազիրին:

Պտահ-էմ-Օուի գերեզմանը հայտնաբերվել է անցյալ տարի։

Սակարան Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսի ընդարձակ նեկրոպոլիսն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որտեղ գտնվում են ավելի քան մեկ տասնյակ բուրգեր եւ հնագույն ղպտիական քրիստոնեական վանքեր: