Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը իր արտաքին քաղաքական վեկտորը կուղղի դեպի Արեւմուտք, ինչն իր հերթին, մեկ տարի անց կբերի ԼՂ խնդրի լուծման: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Հայ-թուրքական մերձեցումը երկու ասպեկտ ունի. Զգացմունքային եւ գլոբալ: Զգացմունքային ասպեկտի տեսնակյունից, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, որն ուղղված է սահմանի բացմանը, արդար զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, քանի որ այդտեղ նշում չկա ադրբեջանական տարածքները վերադարձնելու, ինչպես նաեւ ԼՂ խնդրի լուծման մասին: Ավելին, Թուրքիան այդպես էլ չկարողացավ Ադրբեջանին բացատրել իր քայլերի պատճառը, որոնք ուղղված են Հայաստանի հետ սահմանի բացմանը»-հայտարարել է Գուլուզադեն:
Ինչ վերաբերում է Թուրքիայում Ադրբեջանի դրոշն արգելելուն, ապա այստեղ քաղաքագետը չի բացառում սադրանքը, քանի որ այլապես նման բան հնարավոր չէր լինի:
Անդրադառնալով երեւույթի խորքային կողմին, նա ընդգծել է, որ դա կերեւա Հարավային Կովկասում ընդհանուր փոփոխություններում: «Բանն այն է, որ, երբ Օբաման այցելել Մոսկվա ու հանդիպեց ՌԴ նախագահին ու վարչապետին, Կրեմլը, զիջեց Հարավային Կովկասը ԱՄՆ-ին: Դրա համար Ռուսաստանը թույլ տվեց Հայաստանին գնալ հայ-թուրքական սահմանի բացման: Պարզ է, որ Ռուսաստանը հենց այնպես չի գնացել այդ քայլին: Իսկ թե դրա դիմաց ինչ է ստացել կամ ստանալու ԱՄՆ-ից, մենք չգիտենք»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ապա Գուլուզադեի կարծիքով, դրանք կմնան նույն ռազմավարական մակարդակի վրա, իսկ ներկայումս առկա դժվարությունները կանցնեն:




























