Չինաստանում Weibo սոցիալական ցանցի օգտատերերից մեկը նկարահանել է կայանատեղի՝ բազմաթիվ լքված Ora iQ մեքենաներով, որոնք նախատեսված են եղել վարձակալման համար, հայտնում է չինական Cars պորտալը:
Ավտոմեքենաների վարձակալման Ole Sharing ընկերությունը Չինաստանում գործարկվել է 2018 թվականին՝ Ora էլեկտրական ապրանքանիշի հիմնադրման հետ միաժամանակ, նախագծում Great Wall Motors ավտոարտադրողի ներդրումների ծավալը կազմել է 1 միլիարդ յուան, ասվում է գրառման մեջ։
Մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր ընկերությունը հայտնել էր 2,5 միլիոն գրանցված օգտատերերի մասին, բայց նույն տարվա վերջին Պեկինում Ole Sharing օպերացիոն կենտրոնը լուծարվել է, իսկ 2021 թվականի օգոստոսին տեղեկություն է հայտնվել դրա ամբողջական փակման մասին: Պատճառը Չինաստանում էլեկտրական մեքենաների համար սուբսիդիաների սահմանափակումն է եղել, մինչդեռ վարձակալությամբ աշխատող մեքենաները չեն վաճառվել եւ փոշոտվել են աղբանոցում, նշում է պորտալը։




























