Վերջին երկու տարիները, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, մեզ համար բավական բարդ էին, հատկապես մինչդպրոցական կրթության համակարգի համար։ Այս մասին հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժաամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարի խոսքով՝ դպրոցների դեպքում պետությունը հնարավորություն ուներ ապահովել դրանց անցումն աշխատանքի հեռավար ռեժիմի։ Բայց կրթության մինչդպրոցական համակարգի առջեւ շատ ավելի լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ կային։ «2020-2021թթ. մեզ հաջողվել է երեխաներին ներառել համակարգում՝ որոշակի սահմանափակումներով։ Այնպես որ, վերջին երկու տարիների տվյալները չեն ցուցադրում համակարգի իրական հնարավորությունները»,- նշել է Անդրեասյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում այսօրվա դրությամբ 0-5 տարեկան մոտ 236 հազար երեխա ընդգրկված չէ մինչդպրոցական կրթության համակարգում։
62 հազար երեխա գյուղական վայրերում զրկված է մինչդպրոցական կրթության հնարավորությունից։ Փոխնախարարը նաեւ նշել է, որ 2019թ. 0-5 տարեկան երեխաների ներգրավվածությունը մինչդպրոցական կրթության գործընթացում կազմում էր 34,7 տոկոս։ Նրանց մոտ 64,4 տոկոսը 3-5 տարեկան երեխաներն են։
«Վերջին երկու տարիներին, ի հաշիվ մանկապարտեզների եւ մինչդպրոցական կրթության կենտրոնների բացման կամ վերականգնման, միտումը փոխվել է։ Իշխանությունները ձեռնարկում են քայլեր հարցի լուծման համար։ Մասնավորապես, կառավարությունը հաստատել է ծրագիր, որի համաձայն՝ մինչդպրոցական կրթության գործընթացում ներգրավված 0-5 տարեկան երեխաների թվաքանակը մինչեւ 2026թ. կավելանա՝ հասնելով 80 տոկոսի, իսկ արդեն 2030թ.՝ 95 տոկոսի։ Բացի այդ, նախատեսված են մոտ 500 մանկապարտեզների բարեկարգման եւ կառուցման աշխատանքներ»,- տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։ Ներկայում շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ են կատարվում 92 մանկապարտեզներում։
Ինչ վերաբերում է այլընտրանքային մինչդպրոցական հաստատություններին, ապա դրանք գործում են հանրապետության 10 համայնքներում։ Մինչդպրոցական կրթության կենտրոնները, պաշտոնյայի խոսքով, բացվում են ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։
Կենտրոնների բարեկարգման եւ դրանք համապատասխան գույքով ապահովելու կառավարության ծրագրի շրջանակում պետբյուջեից հատկացվել է մոտ 8 մլն դրամ։





























