ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է  անհատ ձեռնարկատեր Դուստրիկ Ղազարյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են  «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

• մսամթերքի արտադրամասը ապահովված չի եղել պատշաճ հիգիենիկ պայմաններով և ենթակա է եղել վերանորոգման,

• արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել բարվոք վիճակում,  սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել,

• աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար: