Այս փուլում ՌԴ քաղաքացիների մուտքի առանց վիզային ռեժիմի վերանայման անհրաժեշտություն չկա։ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսպես է արձագանքել Մոլդովայում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, գրում է «Նովոստի-Արմենիան»։
Զուրաբիշվիլին չի բացառել Ռուսաստանի Դաշնության հետ առանց վիզային ռեժիմի վերանայումը ռուսաստանցիների ներհոսքի ֆոնին։ Նրա խոսքով, «Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան իսկապես մարտահրավեր է, բացառված չէ, որ մենք ստիպված լինենք վերանայել բավականին ազատական վիզային ռեժիմը։ Վիզային ռեժիմի մասին որոշումը իշխանությունները պետք է կայացնեն»։
«Վերահսկման այսօրվա մեխանիզմները լիովին համապատասխանում են երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, հետեւաբար, այս փուլում ես անձամբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերանայման անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասուլիսում ասել է ֆինանսների նախարարը։
Լաշա Խուցիշվիլու խոսքով՝ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երկրում գործող վերահսկման մեխանիզմները չկարողանան ապահովել այն ստանդարտը, որն անհրաժեշտ է անվտանգության առումով, ապա «այդ մասին կարելի կլինի խոսել»։
«Բայց այսօր դրա կարիքը չկա»,- ասել է նախարարության ղեկավարը, որի ենթակայության տակ է գտնվում մաքսային ծառայությունը։





























