ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն «անհեթեթ» է անվանել Մոսկվայի նախազգուշացումները, որ Կիեւը կարող է «կեղտոտ ռումբ» օգտագործել։
«Այն պնդումը, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել կեղտոտ ռումբեր, անհեթեթ է»,- ասել է Սթոլթենբերգը Politico-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «անհեթեթ» է պնդել, որ Ուկրաինան կեղտոտ ռումբ կօգտագործի «իր սեփական տարածքում», որի ազատագրման համար Կիեւն «այդքան համառորեն պայքարում է»։
Նա նշել է, որ ռազմական դաշինքը մտահոգված է, որ ռուսական հռետորաբանությունը «երկարատեւ վարքագծի մի մասը» կարող է լինել։ «Մեզ անհանգստացնում է, որ սա այն մոդելի մի մասն է, որը մենք նախկինում տեսել ենք Ռուսաստանում՝ Սիրիայում, ինչպես նաեւ փետրվարյան պատերազմի սկզբում կամ դրա մեկնարկից անմիջապես առաջ: Ռուսաստանը մեղադրում է ուրիշներին այն բանի համար, ինչ ինքը մտադիր է անել»,- ասել է նա: «Ռուսաստանը չպետք է օգտագործի այդ կեղծ մեղադրանքները կամ պնդումները որպես պատրվակ՝ Ուկրաինայում պատերազմն էլ ավելի սաստկացնելու համար»:




























