Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները կհաղթահարեն նավթի մատակարարումների շուրջ «անհիմն» վեճը, Էր Ռիադում գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է թագավորության ներդրումների նախարար Խալիդ ալ-Ֆալիհն՝ ընդգծելով վաղեմի կորպորատիվ եւ ինստիտուցիոնալ կապերը, հաղորդում է Reuters-ը։

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ՕՊԵԿ+ դաշինքի նավթի արդյունահանման թիրախները կրճատելու այս ամիս կայացրած որոշումը լարում է առաջացրել Սպիտակ տան եւ Էր-Ռիադի միջեւ՝ թագավորությունում ներդրումային FII ֆորումի նախաշեմին, որին կրկին մասնակցել են ամերիկյան բիզնեսի ղեկավարներ:

Նշելով, որ Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները երկարաժամկետ հեռանկարում եղել են «հուսալի դաշնակիցներ», Ֆալիհն ընդգծել է, որ թագավորությունը «շատ ամուր» համագործակցում է ասիական գործընկերների հետ, ներառյալ Չինաստանը՝ որպես սաուդյան ածխաջրածինների խոշորագույն ներկրող։

Ինչպես նախորդ տարիներին, երեքշաբթի բացված Future Investment Initiative (FII) եռօրյա ֆորումը գրավել է Ուոլ Սթրիթի, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայում՝ աշխարհի ամենամեծ նավթ արտահանող երկրում ռազմավարական շահեր ունեցող այլ ոլորտների ներկայացուցիչների ուշադրությունը:

JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը վստահություն է հայտնել, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը կպաշտպանեն իրենց 75-ամյա դաշինքը։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ դաշնակիցները համաձայնեն ամեն ինչի եւ խնդիրներ չունենան. նրանք ամեն ինչ կլուծեն»,- ասել է Դայմոնը: «Ես գոհ եմ, որ երկու կողմերի մարդիկ աշխատում են դրա վրա, եւ որ այս երկրները ապագայում կմնան դաշնակիցներ, եւ հուսով եմ, որ կօգնեն աշխարհին ճիշտ զարգանալ եւ աճել»: