Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններ անցկացնել Վատիկանում՝ հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը՝ վկայակոչելով Պապի հետ ունեցած անձնական զրույցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Հռոմի պապին եւ ԱՄՆ ղեկավարությանը Ուկրաինայի հարցով բանակցություններում ներգրավելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ գտնելու առումով։

«Այն, թե ինչպես Պեսկովն արձագանքեց, հասկացրեց, որ Հռոմի պապը Ռուսաստանի համար նույնպես ընդունելի է որպես բանակցող։ Ինչ- որ շարժումներ պետք է սկսվեն, առաջին հերթին, հավանաբար, ռուսական կողմից։ Հռոմի Պապը հաստատեց ինձ, որ ինքը պատրաստ է լինել նման միջնորդ՝ պատրաստ է տրամադրել Վատիկանը որպես բանակցային հարթակ՝ նախ Պուտինի եւ Զելենսկու միջեւ։ Կլոր սեղանի տեսքով՝ Պապ, Պուտին եւ Զելենսկի։ Պոնտիֆիկը պատրաստ է հանդես գալ որպես մոդերատոր։ Իսկ նախագահները կարող են քննարկել թեմաներ, օրինակ՝ զինադադարի, բանակների ինչ-որ կերպ անջատման մասին, իսկ հետո կարելի է ավելի գլոբալ բաներ քննարկել»,- ասել է Սեւաստյանովը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ նման բանակցություններից հետո Պապն առաջարկում է համաժողով անցկացնել, որին ուկրաինական ու ռուսական կողմերից բացի կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ներկայացուցիչներ։