Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ռուս-հայկական «Լազարեւյան ակումբի» հինգերորդ նիստին։

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում նա դա բացատրել է նրանով, որ մասնակցելու է Սամարղանդում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հերթական նիստին։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները Կոնստանտին Զատուլինին «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել։

Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության նամակում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Բացի այդ, ՀՀ վարչապետի ընտանիքի «Հայկական ժամանակ» թերթի ավելի վաղ հրապարակած «արտահոսքի» համաձայն՝ իշխանություններին վրդովեցրել է ղեկավարության, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին Զատուլինի հնչեցրած քննադատությունը։

Ինքը՝ Զատուլինը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստան մուտքի անսպասելի արգելքը վիրավորական անվանեց։ Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունների որոշումը չի ազդի իր հայանպաստ գործունեության վրա, եւ Ղարաբաղի հայերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները դավաճանություն որակեց։