Հնագետներն ուսումնասիրել են Լաս Չիմենեաս քարայրի ժայռապատկերները։ Այս մասին հոդվածը հրապարակվել է European Journal of Archaeology-ում։
Իսպանիայի հյուսիսում՝ Կանտաբրիայում է գտնվում հանրահայտ հնագիտական հուշարձանը՝ Մոնտե Կաստիլյոյի քարայրների համակարգը։ Դեռեւս XX դարի երկրորդ կեսին այստեղ հայտնաբերվել են մի շարք նախապատմական ժայռապատկերներ։ Դրանք փափուկ կավի վրա պատկերել են ձեռքով կամ բութ գործիքով, իսկ հետո ներկել են ածխով։ Գիտնականները գտել են կենդանիների ավելի քան 16 առանձին պատկերներ։
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի աշխատակից Մարկոս Գարսիա-Դիեսը եւ նրա գործընկերները փորձել են պարզել այդ ժայռապատկերների ստեղծման ճիշտ ժամանակը։ Դրա համար նրանք ռադիոածխաջրածնային ուսումնասիրության են ենթարկել փայտածխի մասնիկները։ Պարզվել է, որ ամենահին պատկերը կատարվել է 19 610 – 20 951, իսկ ամենաթարմը՝ 17 446 – 18 200 տարի առաջ։ Եղջերվի պատկերը նկարվել է 18 710 -18 946 տարի առաջ։
Սա նշանակում է, որ նկարները պատկանում են վաղ մադլենյան դարաշրջանին։ Մադլենյան մշակույթը գոյություն է ունեցել ուշ պալեոլիթի դարաշրջանում, Եվրոպայի տարածքում։ Վաղ փուլում մշակույթի կրողները զբաղվել են մամոնտի որսով, իսկ հետո (նրա վերացումից հետո) սկսել են հյուսիսային եղջերվի, վայրի ձիու եւ այլ խոշոր կենդանիների որսով զբաղվել, որոնք Եվրոպայում բնակվել են սառցե դարաշրջանի վերջում։ Այս մարդիկ սկզբում գործիքներ էին պատրաստում մոնոլիտ քարից, բայց հետո ստեղծեցին միկրոլիտների (բազմաթիվ փոքր քարերի ամրացումը փայտե կամ ոսկրե հիմքին) տեխնոլոգիան։




























