Շվեդիայում ճանապարհը լայնացնելու համար հնագետները սկսել են մեծ գերեզմանոցի պեղումներ կատարել, սակայն այն, ինչ գտել են, զարմացրել է նրանց։
Վեստմանլենդի գերեզմանոցում մոտ 100 գերեզման եւ երկու թումբ կա, որոնք թվագրվում են մ.թ. 600-1000 թվականներով, ասել են Շվեդիայի ազգային պատմության թանգարանների գործակալության մաս հանդիսացող Arkeologerna-ի հնագետները:
Թմբերից մեկի տակ հնագետները հայտնաբերել են երեք քարե դամբարան։ Երբ հետազոտողները սկսել են պեղել այս դամբարանները, նրանք բլուրներից դուրս ցցված բռնակի նման երկու իր են նկատել, որոնք, պարզվել է, վիկինգների դարաշրջանի զույգ թրեր են:
Մասնագետների կարծիքով՝ մոտ 1200 տարի առաջ թրերը ուղղահայաց խրվել են երկու գերեզմանների մեջ: Հնագետները կարծում են, որ գետնի մեջ միտումնավոր ոչ խորը խրված թրերը գետնի տակ թաղվածների հիշատակը հարգելու միջոց են եղել եւ հնարավորություն են տվել ողջերին հիշել նրանց, ովքեր մահացել են։
Հնագետների խոսքով՝ վիկինգների դարաշրջանում գերեզմանոցները ողջերի ու մեռածների համար տեղ են համարվել: Մարդիկ ծեսեր են կատարել, մատաղի ուտելիք են կերել եւ թաղելուց հետո շատ երկար ժամանակ շփվել են մահացածների հետ։



























