Իտալիայի արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոն հայտնել է, որ Իտալիան ծրագրում է կրկնապատկել իր ազգային գազի արդյունահանումը մինչեւ տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր՝ ներկայիս 3 միլիարդ խորանարդ մետրի փոխարեն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

«Մեր նպատակներից մեկն է մշակել մի ծրագիր, որը մեզ հնարավորինս արագ կդարձնի ռուսական մատակարարումներից ավելի քիչ կախվածություն ունեցող պետություն, այնուհետեւ երկիրը վերածել Միջերկրական ծովի էներգետիկ կենտրոնի»,- ասել է Ուրսոն՝ Il Messaggero թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ կառավարությունը թույլ կտա նաեւ նոր օֆշորային հորատումներ իրականացնել Ադրիատիկ ծովում՝ կրկնելով Իտալիայի նոր վարչապետ Ջորջիա Մելոնիին, ով ասել էր, որ Հռոմը «պետք է ամբողջությամբ օգտագործի» իր ծովային գազի պաշարները՝ էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար:

Ուրսոն նշել է, որ Իտալիան հենվելու է ինչպես առկա, այնպես էլ նոր գազատարների վրա՝ ի կատար ածելու՝ «էներգետիկ հանգույց» ստեղծելու իր հավակնությունները՝ նշելով, որ վերջինս ներառում է Իտալիայի կողմից EastMed Poseidon կոչվող նախագծի ընդլայնումը: Այն համատեղության կարգով պատկանում է հունական գազային ցանցի DEPA օպերատորին եւ Edison ձեռնարկությանը:

Նախարարը հավելել է, որ եւս մեկ նոր նախագիծ կարող է լինել Իսպանիայի եւ Իտալիայի միջեւ խողովակաշարը՝ Արեւմտյան Միջերկրական ծովով, եթե Ֆրանսիան որոշի չմիացնել իր ցանցը Իսպանիային:

Իսպանիան, Պորտուգալիան եւ Ֆրանսիան անցյալ շաբաթ հայտնել են, որ նախատեսում են կառուցել ծովային խողովակաշար՝ Բարսելոնա-Մարսել երթուղով՝  ջրածնի եւ գազի փոխադրման նպատակով՝ փոխարինելով այսպես կոչված MidCat խողովակաշարը՝ Պիրենեյան կղզիներով երկարացնելու ծրագրերին, ինչին դեմ էր Ֆրանսիան: