Shell-ը հայտնել է հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրեթե 9,5 միլիարդ դոլարի չափով շահույթի մասին, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված գումարը:

Նավթային ընկերությունը շարունակել է  օգուտ քաղել էներգակիրների գների կտրուկ աճից, սակայն չի  կարողացել հասնել ռեկորդային 11,5 միլիարդ դոլարի չափով շահույթի, որը ստացվել էր  ապրիլ-հունիս ժամանակահատվածում գազի վերամշակման եւ առեւտրի թույլ տեմպերի պատճառով:

Չնայած դրան, ընկերության երրորդ եռամսյակի շահույթը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները 9 մլրդ դոլարի չափով:

Shell-ը եւ նավթագազային այլ խոշոր ընկերությունները Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ունեն շահույթի եւ առեւտրի սրընթաց աճ, ինչը բարձրացրել է նավթի եւ գազի գները: Սա կտրուկ հակադրություն է կազմում տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների հետ, որոնք պայքարում են էլեկտրաէներգիայի ավելացող վճարների դեմ:

Շահույթների սրընթաց աճը դարձել է  նավթ արտադրողների եւ նրանց բաժնետերերի համար դրամական հոսքերի աղբյուր։ Shell-ը հայտարարել է, որ իր ներդրողներին մեկ բաժնետոմսի համար կվճարի միջանկյալ դիվիդենդ 0,25 դոլարի չափով եւ հայտարարել է, որ մտադիր է տարվա վերջին երեք ամիսների ընթացքում այն ավելացնել 15 տոկոսով: