Երկու ամիս անց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում դասապրոցեսը վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանից։

Ըստ դասախոսի՝ դասապրոցեսը վերականգնվել է, քանի որ ԿԳՄՍ նախարարությունից իրենց սպառնացել են. «Տնօրենն աշխատանքից չի ազատվում, նաեւ աշխատանքի չի գալիս, ասում են՝ իբր հիվանդ է։ Նախարարության աշխատակազմի ղեկավարը ուսուցչական անձնակազմին սպառնում է, թե եթե իրենց պայմանները չկատարենք, ապա մեզ համար շատ վատ է լինելու, տուժելու եք։ Մեր դեմ անընդհատ նախապայմաններ են դնում, սպառնալիքներ են հնչեցնում»։

Թագուհի Հովակիմյանի խոսքով՝ քոլեջի տնօրենը բոլոր դասախոսներին էլ ազատելու է աշխատանքից. «Մինչեւ այս պահը 37 աշխատակցի ազատել է աշխատանքից»։

Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական տարվա սկզբից դասախոսները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը։ Դասախոսական անձնակազմը Անգին Արշակյանին մեղադրում է քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, երբ նա ըստ դասախոսների՝ դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։ Ուսումնական տարվա սկզբին քոլեջի տնօրենը աշխատանքից ազատել էր Ֆիզկուլտուրայի մասնագետին եւ բուժքրոջը։ Քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ աշխատանքից ազատվել է եւս վեց աշխատակից։

Նշենք, որ Կրթության տեսչական մարմինը քոլեջում կրթության կազմակերպմանը վերաբերող խախտումներ է արձանագրել։

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշել էր, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի եւ Սուսաննա Մարգարյանի կողմից։