Սեպտեմբերի 29-ին ավարտվում է ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայաստանյան ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Սակայն նա չբացառեց, որ 2006 թ. սկսած եւ Հայաստանում մոտ 177 մլն դոլար ներդրում իրականացրած ծրագիրը շարունակություն ունենա:

Հազարամյակի մարտահրավերները վերջին տարիներին ամենամեծ ներդրումն է կատարել Հայաստանի ոռոգելի գյուղատնտեսության համակարգում: Ծրագրից օգտվել է 350 գյուղական համայնքների մոտ 400 հազ. բնակիչ: Վերանորոգվել են ոռոգման կարեւորագույն ենթակառուցվածքներ` մայր ջրանցքներ, ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր եւ Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը: Ըստ Ա. Հովսեփյանի` 5 տարում ծրագրի շնորհիվ ոռոգելի է դարձել 47 հազ. հա, որից 9 հազ. հա` նոր ոռոգվող հողեր:

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ կնքած Հայաստանի համաձայնագիրը նախապես ենթադրում էր 235 մլն դոլարի ներդրում: 2009 թ. մարտին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը, որը վարում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոշեց դադարեցնել Հայաստանում գյուղական ճանապարհների ենթածրագրի ֆինանսավորումը: