Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Սան Ֆրանցիսկոյի տուն ներխուժած եւ ամուսնու գլխին մուրճով հարվածած Դեւիդ Դեփեյփին պաշտոնապես մեղադրանքներ կառաջադրվեն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Սան Ֆրանցիսկոյի դատախազությունը հայտնել է, որ մտադիր է օրվա ընթացքում պաշտոնական մեղադրանք ներկայացնել կասկածյալ Դեփեյփին: Դատական նիստը սպասվում է երեքշաբթի։
Դեփեյփը ձերբակալվել է սպանության փորձի, մահացու զենքով հարձակման, տարեցների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծեծի, բնակարանային գողության, պետական պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամի հանդեպ սպառնալիքների եւ այլ ծանր հանցագործությունների կասկածանքով:
Ձերբակալությունից հետո Դեփեյփը տեղափոխվել էր Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցներից մեկը, իսկ այժմ գտնվում է քաղաքային բանտում։
Ոստիկանությունը չի հայտնել ուրբաթ օրը 82-ամյա Փոլ Փելոսիի վրա հարձակման դրդապատճառը, որն, ըստ Նենսի Փելոսիի գրասենյակի, շտապ վիրահատության է ենթարկվել գանգի եւ աջ ձեռքի վնասվածքի հետ կապված։ Բժիշկները սպասում են նրա լիակատար ապաքինմանը։




























