Հայաստանի անշարժ գույքի շուկան բախվել է բնակարանների վարձակալության աննախադեպ պահանջարկին՝ կապված վերաբնակների երկու հոսքի հետ, հիմնականում Ռուսաստանից՝ մարտի սկզբին և սեպտեմբերի վերջին: Պահանջարկի ավելացումը ոչ միայն հանգեցրել է թանկացման, այլև բացահայտել խնդիրներ, որոնց ոչ բոլոր տանտերերն էին պատրաստ։

Որքան էլ իրավիճակը տրամաբանական է, իսկ առիթից օգտվելով գումար աշխատելու գայթակղությունը՝ մեծ, այնուամենայնիվ չպետք է մոռանալ ռացիոնալության մասին, և ցանկալի է, որ հնարավորության դեպքում տանտերերը բնակարանների վիճակը, պարամետրերը փորձեն համապատասխանեցնել գործարքի արժեքին՝ հնարավորինս նվազագույն ծախսերանելով:

Ինչպե՞ս դա անել։ Անշարժ գույքի որոնման, վարձակալության և առքուվաճառքի banali.am առցանց հարթակի մասնագետները այս և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ մի քանի խորհուրդ են պատրաստել տանտերերի համար, որոնք կօգնեն գործարք կնքելիս.

1.            Եթե տանտերը պատրաստ է անձամբ ցույց տալ բնակարանը, մշտապես պատասխանել զանգերին, բանակցել ու գործարք կնքել, անհրաժեշտության դեպքում կարող է հաղորդակցվել օտար լեզվով, ունի անհրաժեշտ պայմանագրերը, ապա նա կարող է անվճար կայքերում հայտարարություն տեղադրել և աշխատել առանց միջնորդի՝ դրանով իսկ տնտեսելով գումար՝ թե՛ իր, թե՛, ըստ էության, ապագա վարձակալի համար։ Բայց եթե նա չունի նման հմտություններ, ապա խորհուրդ է տրվում օգտվել ռիելթորական հուսալի ծառայություններից: Banali.am-ի աշխատակիցները պատրաստ են մասնագիտական ծառայություններ մատուցել այս հարցում։

2.            Տանտերերը չպետք է զլանան հաճախակի այցելել իրենց հայտարարության էջ, թարմացնել տեղեկությունը և օրը, որպեսզի այն հայտնվի առաջին էջում: Հայտարարություն տեղադրելիս՝ հարկ է տրամադրել հնարավորինս մանրամասն տեղեկություն, հատկապես եթե տվյալ հարթակը տալիս է նման հնարավորություն՝ հարմար ֆիլտրերի և դաշտերի միջոցով։ Դա կբարձրացնի գույքն ավելի արագ վարձակալության տալու հավանականությունը։

3.            Նույնիսկ եթե բնակարանի վիճակը բարվոք չէ, պետք չէ խուսափել լուսանկար տեղադրելուց։ Առանց լուսանկարի հայտարարությունները հաճախ ուշադրության չեն արժանանում փնտրողների կողմից, ավելին, դրանք կարող են նաև կասկածելի թվալ։

4.            Հայտարարություն տեղադրելու համար բնակարանը լուսանկարելիս այն պետք է լինի մաքուր, հավաքած, առանց ավելորդ իրերի։ Եթե հատակը, սեղանը, բազմոցները վնասված չեն, ապա ցանկալի է հավաքել գորգերը, սփռոցները և ծածկոցները, այլապես արդյունքում հաճախ բնակարանը լուսանկարներում ավելի քիչ ներկայանալի տեսք է ստանում, քան իրականում է։

5.            Երբ բնակարանը վարձով է տրվում ամսական 1000 դոլարով, ապա տրամաբանական է, որ վարձակալը կարող է ակնկալել առնվազն որոշակի տեխնիկայի և այլ պարագաների առկայություն, օրինակ՝ էլեկտրական թեյնիկ, սպասք, մաքուր տուն։ Չնայած, որ այս իրերը իրականում թանկ չարժեն, կարելի է գնել գոնե դրանց օգտագործված, բայց լավ պահպանված տարբերակները, ինչպես նաև ինքնուրույն կամ մաքրության ծառայությունների միջոցով կոկիկացնել բնակարանը։ Սրանք մանրուքներ են թվում, բայց կարող են հանգեցնել նրան, որ վարձակալը հրաժարվի բնակարանից:

6.            Կարելի է հասկանալ այն տանտերերին, որոնք, հավանաբար վատ նախադեպի հետ առնչված լինելով, չեն ցանկանում ընտանի կենդանիներ ունեցող ընտանիքների ընդունել, կամ դրա պատճառով վարձավճարը բարձրացնում են։ Բայց, դրա փոխարեն, որպեսզի գործարքը շահավետ լինի թե՛ տանտերերի, թե՛ վարձակալների համար, նրանք կարող են պայմանավորվել հավելյալ դեպոզիտի շուրջ, որը գույքային վնասի դեպքում կմնա բնակարանի տիրոջը։ Միաժամանակ սեփականատերը կարող է պարբերաբար այցելել իր բնակարան և ստուգել վիճակը։ Ինչպես նաև պայմանագրում կարող են կետ ավելացնել գույքին հասցված վնասի փոխհատուցում վճարելու համար․ ի վերջո ի՞նչ կապ ունի՝ վնասը հասցվել է չորքոտանիների, թե՞ անբարեխիղճ վարձակալների կողմից։

7.            Մեծ խոչընդոտ կարող է լինել նաև բնակարանում մշտական և/կամ տաք ջրի բացակայությունը (այո, Երևանում դեռ կան շենքեր, ուր ջրամատակարարումը շուրջօրյա չէ)։ Այս դեպքում, հասանելի գներով կարելի է տեղադրել պլաստմասե բաք, իսկ անհատական ջեռուցման համակարգի համար ռեսուրսներ չունենալու պարագայում կարելի է առնվազն տեղադրել ակնթարթային ջրատաքացուցիչ։

8.            Տանտերերը պետք է տեղյակ լինեն, որ ժամանակակից պայմաններում բնակարանը պետք է ունենա ոչ միայն ջուր, գազ, էլեկտրականություն, ջեռուցում, այլեւ գերարագ ինտերնետ։ Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնք աշխատում են հեռավար: Հայաստանում այս հարցը կարող է լուծվել մի քանի օրվա ընթացքում՝ դիմելով ինտերնետ պրովայդերներից որևէ մեկին։

9.            Եթե վաճառքի դեպքում վերանորոգումը կարող է էական չլինել, քանի որ հավանական է, որ գնորդը կքանդի ամեն ինչ՝ իր ճաշակով վերանորոգելու համար, վարձակալության դեպքում այն որոշիչ նշանակություն ունի։ Եթե սեփականատերը պատրաստվում է բնակարանը մշտապես/երկարաժամկետ վարձակալության տալ, այսինքն՝ այն իր համար կայուն եկամտի աղբյուր է լինելու, ապա պետք է մի փոքր գումար ծախսել և պարզ, կոկիկ, մատչելի վերանորոգում իրականացնել, ավելորդություններ պետք չեն։ Արդյունքում բնակարանը վարձակալության կտրվի ավելի շահեկան պայմաններում և կարճ ժամանակում ծախսերը կհատուցվեն։

10.          Եթե բնակարանը մեկ սենյականոց է, շատ փոքր մակերեսի դեպքում անգամ կարելի է փորձել ստանալ առանձնացված ննջասենյակ՝ թեկուզ հենց մահճակալի ու մի փոքր կոմոդի ու պահարանի զբաղեցրած տեղի չափով։ Սա ևս էական ազդեցություն կունենա բնակարանի առավել պահանջված լինելու և առավել բարձր գնով վարձակալության հանձնելու հավանականության վրա։

11.          Պետք չէ խուսափել պայմանագիր կնքելուց: Թյուր կարծիք կա, որ այն ավելի շատ վարձակալների համար է, իրականում գրագետ պայմանագիրը երկու կողմին էլ ապահովագրում է շատ ռիսկերից։ Պետք չէ կասկածամտորեն վերաբերվել, երբ վարձակալը պահանջում է պայմանագիր կնքել։ Իսկ վերաբնակների դեպքում, անկախ նշված առավելություններից, նրանք ստիպված են կնքել պայմանագիր, քանի որ բանկային հաշիվ բացելու համար այն պետք է ներկայացնեն բանկ:

12.          Եթե բնակարանը նորակառույց շենքում է, բացի կոմունալ ծառայություններից, սովորաբար գործում է առանձին սպասարկման վճար։ Պայմանագրում պետք է հստակ նշվի, թե ով է այն վճարում` տանտե՞րը, թե՞ վարձակալը, որպեսզի հետո թյուրիմացություններ չառաջանան։

13.          Պայմանագրում անպայման պետք է ամրագրել նաև վարձավճարի վճարման եղանակը։ Նպատակահարմար է ընտրել փոխանցումով եղանակը՝ վճարման փաստը հեշտությամբ ֆիքսելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Անկանխիկ վճարումների մասին» օրենքը, ըստ որի՝ 300 000 դրամից բարձր գումարները պետք է փոխանցվեն և ստացվեն անկանխիկ։

14.          Վարձավճարը սահմանելիս տանտերերը պետք է նկատի ունենան, որ եթե մեկ կամ երկու սենյականոց բնակարանը արժե X դրամ, ապա դա չի նշանակում, որ երեք սենյականոց բնակարանի դեպքում այն հավասար է դրա եռապատիկին։ Մեկ և երկու սենյականոց բնակարանները ամենապահանջվածն են, ինչով էլ պայմանավորված է բարձր վարձավճարը, իսկ երեք և ավելի սենյակների դեպքում պահանջարկը համեմատաբար ցածր է,ավելին, այն ջեռուցելու համար վարձակալից ավելի մեծ ծախսեր են պահանջվելու։

15.          Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ շատ վարձակալներ ոչ պակաս ուշադրություն են դարձնում նաև շենքի, մուտքի, բակի ընդհանուր վիճակին, ուր գտնվում է բնակարանը և ոչ բարվոք մուտքի, շենքի, բակի պատճառով հնարավոր է չհամաձայնեն առաջարկվող գնին, որքան էլ որ բնակարանը առանձին վերցված լավը լինի:

Այս պարզ կանոններին հետևելով՝ տանտերերը կկարողանան ավելի արագ գտնել վարձակալ իրենց բնակարանների համար։ Իսկ հարցերի պարագայում ազատ կարող են կապ հաստատել banali.am-ի աշխատակիցների հետ, որոնք սիրով կպատասխանեն նրանց հուզող հարցերին։

Banali.am-ը անշարժ գույքի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում անվճար հայտարարություններ տեղադրել բնակարանների վարձակալության և վաճառքի մասին։ VR room-tour-ում կարելի է տեղադրել բնակարանի տեսաշարեր և լուսանկարներ, որոնք հնարավորություն կտան ամբողջական պատկերացում ստանալ բնակարանի մասին։ Կարիքի դեպքում հարթակի աշխատակիցները կարող են մատուցել նաև մասնագիտացված ռիելթորական ծառայություններ՝ անշարժ գույք գտնելու կամ արագ վաճառելու/վարձակալության հանձնելու հարցում: