Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Մեթ Հենկոկին հեռացրել են Պահպանողական կուսակցությունից՝ ռեալիթի-շոուի մասնակցելու համար, հայտնում է AP-ը։

Հենկոկը, որը մնում է պատգամավոր, կմասնակցի «Ես հայտնի մարդ եմ... Հանիր ինձ այստեղից» շոուին: Շոուն մի խումբ հայտնի մարդկանց ուղարկում է Ավստրալիայի արեւադարձային անտառներ, նրանց փորձությունների ենթարկում սարդերի ու օձերի մեջ եւ թույլ է տալիս հանրությանը քվեարկել նրանց համար:

Այս տարվա մյուս մասնակիցների թվում են Culture Club-ի երգիչ Բոյ Ջորջը եւ ռեգբիի նախկին խաղացող Մայք Թինդալը, որի կինը՝ Զառան, Չարլզ III թագավորի զարմուհին է:

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սայմոն Հարթը շոուին Հենկոկի մասնակցությունն անվանել է «բավականին լուրջ հարց, որպեսզի երաշխավորվի նրա անդամակցության անհապաղ դադարեցումը»: Սա նշանակում է, որ Հենկոկը խորհրդարանում պահպանողականների խմբակցության մաս չի լինի, այլ կդառնա անկախ պատգամավոր:

Հենկոկն ասել է, որ նախատեսում է շոուն օգտագործել դիսլեքսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Վարչապետ Ռիշի Սունակի մամուլի քարտուղար Մաքս Բլեյնն ասել է, թե «վարչապետը կարծում է, որ երկրի համար դժվար ժամանակներում պատգամավորները պետք է քրտնաջան աշխատեն իրենց ընտրողների բարօրության համար»: Նա նշել է, թե «քիչ հավանական է», որ Սունակը դիտի «Ես հայտնի մարդ եմ... Հանիր ինձ այստեղից» հաղորդումը:

Սակայն Հենկոկի քաղաքական վերադարձը բացառված չէ։ Պահպանողական պատգամավոր Նադին Դորիսը 2012 թվականին հեռացվել էր կուսակցությունից՝ նույն շոուում հանդես գալու համար։ Ինը տարի անց նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նրան պաշտոնի նշանակեց կառավարությունում: