Exit poll-երի տվյալներով՝ նախկին վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն կդառնա Իսրայելի հաջորդ վարչապետը, հայտնում է Jerusalem Post-ը։

Հարցումների համաձայն՝ Նեթանյահուի դաշինքը, որի մեջ մտնում են «Լիկուդը», Կրոնական-սիոնիստական կուսակցությունը (ԿՍԿ), Թորայի միացյալ հուդայականությունը (ԹՄՀ) եւ Shas-ը, հատել է 61 մանդատի շեմը եւ կկարողանա հաջորդ կոալիցիան ձեւավորել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ դաշինքը 62 տեղ կստանա։

Ակնկալվում է, որ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կստանա 30 մանդատ՝ ըստ 12-րդ ալիքի, եւ 31 մանդատ՝ ըստ 13-րդ ալիքի, իսկ Լապիդնի «Յեշ Աթիդ» կուսակցությունը՝ 24 մանդատ:

12-րդ ալիքի տվյալներով՝ Նեթանյահուի դաշինքն ունի 61, իսկ Լապիդի դաշինքը՝ 55 մանդատ։ 13-րդ ալիքի տվյալներով՝ Նեթանյահուի դաշինքն ունի 62 մանդատ, իսկ Լապիդի դաշինքը՝ 54 մանդատ։

Պաշտոնական արդյունքները կամփոփվեն միայն առաջիկա օրերին։ Այնուամենայնիվ, մինչեւ չորեքշաբթի երկիրը գրեթե հաստատ պետք է կիմանա, թե ինչպիսին կլինեն արդյունքները:

Հաղթանակը Նեթանյահուին կվերադարձնի իշխանության՝ 1996-1999 թվականներին եւ 2009-2021 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Նա արդեն Իսրայելում վարչապետի պաշտոնը ամենաերկար զբաղեցրած մարդն է։

Նշենք, որ նոյեմբերի 1-ին Իսրայելում անցկացվել են չորս տարվա ընթացքում հինգերորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։