ԱՄՆ-ն նյարդայնացած հետեւում է՝ ինչպես է Եվրոպան զենք ստանալու համար դիմում Հարավային Կորեային, գրում է Politico-ն։
Սեուլը ձգտում է ավելի մեծ խաղացող դառնալ միջազգային զենքի վաճառքում: Եվ դա որոշակի անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում, նշում է թերթը։
Տանկերի, կործանիչների եւ հրթիռային կայանների մասին պայմանագրերը, որոնք կնքվել են վերջին երեք ամիսների ընթացքում, կապված են նրա հետ, որ եվրոպական մայրաքաղաքները փորձում են համալրել իրենց պաշարները ամիսներ շարունակ Ուկրաինա զենք ուղարկելուց հետո: Իսկ Արեւելյան Եվրոպան, որը սովորաբար դիմում է ԱՄՆ-ին նոր զենքի համար, մտածում է Հարավային Կորեայից նոր զենք գնելու մասին, որն ասում է, որ կարող է դրանք ավելի արագ եւ էժան մատակարարել:
Հարավային Կորեայի պաշտպանական ընկերությունները երկար ժամանակ ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպայում՝ վերջին կես դարում մի շարք երկրների վաճառելով շարժական հաուբիցներ եւ հրազեն։ Սակայն այդ գործարքները չեն համեմատվի 5,8 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի հետ, որը Լեհաստանը ստորագրել է երկու հարավկորեական ընկերությունների հետ հուլիսին: Համաձայնագիրը ներառում է 980 K2 Black Panther տանկ, 672 K9 ինքնագնաց հաուբից եւ 48 FA-50 կործանիչ, իսկ որոշ տանկերի եւ հաուբիցների մատակարարումները նախատեսվում է սկսել մինչեւ այս տարվա վերջ: Գործարքները կարող են կազմել մինչեւ 15 միլիարդ դոլար։
Անցած ամիս Լեհաստանը պայմանագիր է ստորագրել հարավկորեական Hanwha Defense-ի հետ՝ մատակարարելու 288 Chunmoo բազմակի հրթիռային համակարգեր, որոնց առաջին խմբաքանակը կհասնի հաջորդ տարի, սակայն ԱՄՆ-ի արտադրության բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերին պետք է տարիներով սպասել:
Սկզբում Լեհաստանը ձգտում էր ձեռք բերել ԱՄՆ-ից առնվազն 500 HIMARS, սակայն հոկտեմբերի 19-ին իր հարավկորեացի գործընկերոջ հետ ստորագրման արարողության ժամանակ պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը բացատրեց, որ «ցավոք, արդյունաբերական սահմանափակ կարողությունների պատճառով սարքավորումները չեն կարողանա մատակարարել բավարար ժամկետներում, ուստի բանակցություններ են սկսել Հարավային Կորեայի՝ վստահելի գործընկերոջ հետ»։





























