Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, թե «ուժեղ տպավորություն ունի», որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի հաջորդ շաբաթ Բալիում կայանալիք G20-ի ղեկավարների գագաթաժողովին:

Ջոկո Վիդոդոյի ենթադրությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժել է միջոցառմանը Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպում կազմակերպելու Ինդոնեզիայի պաշտոնյաների առաջարկը, ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Անցած չորեքշաբթի Վիդոդոն Պուտինի հետ քննարկել է G20-ի գագաթաժողովը, եւ այդ զրույցի արդյունքում տպավորություն է ստեղծվել, որ ՌԴ ղեկավարը չի գալու, ասել է Ինդոնեզիայի նախագահը Financial Times-ին տված հարցազրույցում։

Վիդոդոն ընդգծել է, որ Ռուսաստանին առաջվա պես ողջունում են G20-ի հանդիպմանը, իսկ Ինդոնեզիան հուսով է նպաստել միջազգային երկխոսությանը, որպեսզի արձագանքի միջազգային լարվածության «խորապես տագնապալի» աճին: Նա նաեւ հիասթափություն է հայտնել, որ աշխարհաքաղաքական լարվածությունը կմթագնի գագաթաժողովը։ «Մեծ քսանյակը նախատեսված չի եղել որպես քաղաքական ֆորում»,- ասել է նա։ «Խոսքը պետք է լինի տնտեսության եւ զարգացման մասին»։