Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը եկող տարի թագավորություն հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խոշոր խմբաքանակի մատակարարման մասին գործարքի համաձայնեցման վերջին փուլում են։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել էր The Daily Telegraph թերթը, նոր վարչապետ Ռիշի Սունակն արդեն առաջիկա օրերին կարող է հայտարարել պայմանավորվածության կնքման մասին։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկա-բրիտանական «գործընկերությունն էներգետիկ անվտանգության ոլորտում» նախատեսում է Մեծ Բրիտանիային 10 մլրդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազի վաճառք։ Հոդվածի հեղինակները նշել են, որ մատակարարումների ստույգ ծավալները շարունակում են քննարկվել, բայց ամփոփ թիվը կարող է այդպես էլ չհրապարակվել։

Միացյալ Թագավորությունն արդեն մի քանի ամիս բանակցություններ է վարում գազ մատակարարող պետությունների հետ, ներառյալ Կատարը եւ Նորվեգիան՝ հուսալով խուսափել էներգակիրների դեֆիցիտից, որն սպառնում է ձմռանը էլեկտրականության անջատումներով։ Ինչպես տեղեկացրել է The Daily Telegraph-ը, ԱՄՆ-ից ՀԲԳ-ի մատակարարումները Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ անձամբ քննարկել է Սունակի նախորդը՝ Լիզ Թրասը։

2021թ. դրությամբ,  Մեծ Բրիտանիայի շուկայում հայտնվող գազի մոտ կեսն արդյունահանվել է Հյուսիսային ծովի բրիտանական շելֆում։ Միացյալ Թագավորություն գազի ամենամեծ արտահանողը Նորվեգիան է։ Բրիտանական ներմուծման մոտ 17 տոկոսը կազմում են ՀԲԳ-ի մատակարարումները, որոնց մեծ մասը կատարում են Կատարը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը։

Անցած տարի Միացյալ Թագավորությունը ներմուծել է 3,12 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ (վառելիքի այս տեսակի սպառման ընդհանուր ծավալների 4 տոկոսը)։ Հունիսին Քվազի Քվարթենգը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ երկիրը 2021թ. համեմատ 75 տոկոսով կրճատել է ՌԴ-ից գազի ներմուծման ծավալները։ Թագավորությունում սպառվող գազի միջին տարեկան ծավալը կազմում է մոտ 75 մլրդ խորանարդ մետր։