Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ինքը առնչություն չունի նախարարների եւ քաղաքական գործիչների գաղտնալսմանը եւ ասել, որ այս սկանդալի հետ կապված արտահերթ ընտրություններ չեն լինի, դրանք կանցկացվեն սահմանված ժամանակին՝ 2023 թվականին։
Երկուշաբթի երեկոյան Միցոտակիսը հարցազրույց է տվել ANT1 (Antenna) հեռուստաալիքին: Գլխավոր թեմա է դարձել Documento թերթի կիրակնօրյա հրապարակումն այն մասին, որ Միցոտակիսն օգտագործել է հատուկ ծառայությունը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ենթադրյալ քաղաքական հակառակորդներին, նախարարներին, լրագրողներին եւ հայտնի գործարարներին լրտեսելու համար:
Թերթի տվյալներով՝ վարչապետի ցուցակում ներառված է 33 մարդ, մասնավորապես՝ նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը, արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, զարգացման եւ ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսը կնոջ հետ, առողջապահության նախկին նախարարը, զբոսաշրջության նախարար Վասիլիս Կիկիլիասը՝ կնոջ հետ, պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը, ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը, լրագրողներ, քաղաքական գործիչներ։
Documento-ն գրում է, որ լրտեսությունն իրականացվել է Predator վնասակիր ծրագրի միջոցով՝ չնայած կառավարության ներկայացուցիչները վստահեցրել էին, որ վնասակիր ծրագրեր չեն օգտագործվել եւ դրանք չկան Հունաստանի հատուկ ծառայությունների զինանոցում։
Միցոտակիսը կտրականապես հերքել է թերթի հրապարակումը:
«Խայտառակություն է, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վարչապետը հետեւում է արտգործնախարարին։ Եվ դա չափազանց վտանգավոր է»,- ասել է Միցոտակիսը։
Նա հայտարարել է, որ չի կարող դատի տալ թերթի հրատարակիչ Կոնստանտինոս Վակսեվանիսին, սակայն ենթադրվում է, որ Գերագույն դատարանի դատավորն ու դատախազը պարզաբանումներ ու ապացույցներ կպահանջեն։
«Իսկ եթե դրանք չներկայացվեն, ապա պարոն Վակսեվանիսը կլինի ոչ միայն զրպարտող, այլեւ վտանգավոր անձ»,- ասել է Միցոտակիսը։





























