ԵՄ-ն Ուկրաինային մոտ 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու պլան է հրապարակել՝ կանոնավոր վճարումների տեսքով, որպեսզի օգնի երկրին պահպանել իր էներգետիկ եւ բժշկական հաստատությունները, ինչպես նաեւ վճարի աշխատավարձերն ու թոշակները, հաղորդում է AP-ն:

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ օգնությունը կներառի յուրաքանչյուր ամիս մոտ 1,5 միլիարդ եվրոյի չափով չափազանց բարենպաստ պայմաններով վարկեր, հնարավոր է՝ հունվարից սկսած: Ուկրաինան ստիպված չի լինի փոխհատուցել միջոցներն առնվազն տասը տարի, իսկ տոկոսային ծախսերը ԵՄ անդամ երկրները կհոգան։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին Ուկրաինային ամսական 3-4 միլիարդ դոլար կպահանջվի։ ԵՄ 27 երկրների ներդրումը համեմատելի կլինի Միացյալ Նահանգների ներդրման հետ, մինչդեռ ակնկալվում է, որ այլ դոնորներ եւ ֆինանսական հաստատություններ կլրացնեն բացը:

«Ուկրաինան մեր օգնության կարիքն ունի»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ներկայացնելով ծրագիրը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը «կայուն եւ կանխատեսելի» ֆինանսավորման կարիք ունի։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն ակնկալում է, որ Կիեւն ավելի լավ կպայքարի խարդախության եւ կոռուպցիայի դեմ պայքարում եւ կամրապնդի օրենքի գերակայությունը։

Հանձնաժողովը մտադիր է պարտք վերցնել կապիտալի շուկաներից՝ օգտագործելով 27 երկրների միավորված կշիռը, որպեսզի ավելի լավ պայմաններ ապահովի։ Որոշ ջանքեր կներառեն ԵՄ երկարաժամկետ բյուջեի մի մասի վերակառուցում, իսկ դրա համար պահանջվում է անդամ երկրների միաձայն հավանությունը:

Դոմբրովսկիսը ԵՄ երկրներին եւ Եվրախորհրդարանին կոչ է արել մինչեւ տարեվերջ հաստատել ծրագիրը, որ առաջին վարկերը տրամադրվեն արդեն հունվարին։ «Դա պետք է արագ լուծվի, մոտենում է 2023 թվականը, եւ Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները հրատապ են»,- ասել է նա։

ԵՄ-ին մեղադրում են Ուկրաինային ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցում չափազանց դանդաղ լինելու մեջ, չնայած այն հանգամանքին, որ դաշինքը երկրին ավելի քան 19 միլիարդ եվրո է տվել պատերազմի սկզբից:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն այս շաբաթ ասել է, որ իր կառավարությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել երկկողմ հիմունքներով, սակայն դեմ է, որ ԵՄ-ին թույլ տրվի Ուկրաինային օգնելու համար վարկ վերցնել: Դոմբրովսկիսն ասել է, որ կաշխատի Հունգարիայի հետ եւ կփորձի հաղթահարել նրա առարկությունները:

ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2,5 միլիարդ եվրո այս ամիս, եւս 500 միլիոն՝ դեկտեմբերին։