Եվրոյի փոխարժեքը երկար ժամանակ անց առաջին անգամ բարձրացել է դոլարի փոխարժեքից։ Այս մասին վկայում են Եվրոպական կենտրոնական բանկի տվյալները։
Հիմնական պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում հոկտեմբերյան ինֆլյացիան (տվյալները հրապարակվել են այսօր) սպասվածից ցածր է եղել (7,7 տոկոս՝ կանխատեսված 8 տոկոսի դիմաց)։ Արդյունքում շուկայում ակնկալիքներ կային, որ ինֆլյացիայի գագաթնակետն անցել է, եւ Դաշնային պահուստային համակարգը (ԱՄՆ ֆինանսական շուկայի կարգավորիչը) կսկսի նվազեցնել տոկոսադրույքները։ Այդ ժամանակ կնվազի նաեւ ամերիկյան արժեթղթերի նկատմամբ տոկոսները, եւ ներդրողները դրանցից ավելի քիչ շահույթ կստանան։ Այս սպասումների ֆոնին դոլարի փոխարժեքն օրվա ընթացքում ընկել է ավելի քան 2 տոկոսով՝ համաշխարհային խոշոր արժույթների զամբյուղի նկատմամբ։
Հայաստանում եվրոն թանկացել է միանգամից 13 դրամով (ավելի քան 3 տոկոս)՝ հասնելով 406 դրամի։





























