ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները «բաց եւ անկեղծ» է գնահատել:

«Մենք հենց նոր բաց ու անկեղծ զրույց ունեցանք»,- Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո ասել է Բայդենը լրագրողներին: Նրա խոսքով, ինքը Չինաստանի ղեկավարին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր շահերը։ «Մենք ակտիվորեն կմրցակցենք, բայց ես հակամարտություն չեմ փնտրում»,- ասել է Բայդենը։

Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը ՉԺՀ-ի ղեկավարին հավաստիացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը կղզու նկատմամբ չի փոխվել։