Մեղրի քաղաքի հանրությունն անհանգստացած է քաղաքի միջով հոսող Մեղրի գետի ջրերն օգտագործելու ծրագրից: 955 մեղրեցիներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, որով պահանջում են չսկսել այն ծրագիրը, որի համաձայն կառուցվող ջրագծով գետի ջրերը պետք է հոսեն այլ ուղղությամբ, բացի այդ` գետի վրա պետք է 5 հիդրոկայաններ կառուցեն:
Ըստ նախագծի` ջրագիծը պետք է ջրով ապահովի Ագարակ քաղաքին, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերին: Ըստ նամակի հեղինակների` ջրագծի եւ ՀԷԿ-երի կառուցման հետեւանքով Մեղրի գետը 15 կիլոմետր երկարությամբ տարածքում փակված կլինի:
Նամակում մասնավորապես նշված է, որ գետից վերոհիշյալ համայնքներին ոռոգման ջրով ապահովելու խնդիրը քննարկվել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին, եւ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ գաղափարը կարելի է իրականացնել բացառապես Մեղրի գետի վրա ջրամբար (կամ փոքր ջրամբարներ) կառուցելու միջոցով:
«Անշուշտ, գովելի է նաեւ իշխանությունների` Ագարակ քաղաքի կանաչ զանգվածը մեծացնելու մտադրությունը, որն իրոք շատ կարեւոր է: Բայց այն երբեք չի կարելի իրականացնել Մեղրի գետի ջրերի հաշվին: Ագարակ քաղաքն ընդամենը 60 տարեկան է, այն կառուցվել է կոմբինատի բազայի վրա, որը մշտապես ավերել եւ ավերում է բնությունը, աղտոտում այն: Շուրջ 15 անգամ ավելացել է տարածքի ռադիացիոն ճառագայթման ֆոնը, դրա հետեւանքով է, որ ավելացել է ուռուցքային հիվանդությունների քանակը: Այսպիսի գնով ապահովելով գերշահույթներ` Ագարակի ՊՄ կոմբինատը որեւէ ծանրակշիռ ներդրում չի իրականացրել բնակավայրում:
Մենք հասկանում ենք, որ առավելագույնը 30 տարի հետո այս տարածքի հանքահումքային ռեսուրսները կսպառվեն, եւ բնակավայրն իր գոյատեւման համար լուրջ խնդիրներ կունենա: Կոմբինատն ուղղակի պարտավոր է իր տարածքում բնակվող քաղաքացիների դաժան շահագործման դիմաց լրջագույն խնդիրներ լուծել, իսկ որպես առաջնահերթություն` պարտավոր է քաղաքից 1 կմ հեռավորությամբ անցնող Արաքս գետից ինքնահոս եղանակով ջուր հասցնել Ագարակ եւ հիմնավորապես լուծել խնդրո առարկան»,- նշված է նամակում:
Այս նամակի կապակցությամբ NEWS.am-ը պարզաբանումներ խնդրեց նաեւ նախագծի հեղինակ Յուրի Ջավադյանից, ով նաեւ ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահն է: Յ. Ջավադյանը հայտարարեց, որ անհանգստանալու հիմք չկա, իսկ մեղրեցիների նամակում բերված հաշվարկները սխալ են: Նրա խոսքով` լրացուցիչ ջուր է վերցվելու նաեւ մեկ այլ գետից` Սպիտակաջուրից, որը հոսում է դեպի Քաջարան: Ոռոգման նպատակներով ջրագիծ բաց կթողնվի մինչեւ 260 լիտր/վայրկյան ջուր: Ինչ վերաբերում է Ագարակին, ապա վերջինիս կոմբինատի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ոռոգման սեզոնում այն Մեղրի գետից ջուր չի վերցնի, այլ կօգտվի բացառապես Արաքս գետի վրա կառուցված պոմպերից: Իսկ հարցին` թե Մեղրի գետի ջրի որ մասն է ուղղվելու դեպի նոր կառուցվելիք ջրագիծ, Յ. Ջավադյանը պատասխանեց մոտավորապես հետեւյալ կերպ. «ինչքան պետք է, այնքան էլ կվերցնենք»:
Ըստ Յ. Ջավադյանի` այս հարցի վերաբերյալ ինքը գրավոր պարզաբանումներ է ներկայացրել հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:




























