WikiLeaks-ի հրապարակումները եւ իշխանությունների հետ երկխոսելու փաստը բավական բարդ կացության մեջ են դրել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա այլեւս չի կարող շարունակել իր նախկին մարտավարությունը։ Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
«ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունից բացահայտվել է ամեն ինչ, թե ինչպես է նա արտաքին քաղաքական խնդիրների օգնությամբ փորձել վատթարացնել Սերժ Սարգսյանի իրավիճակը եւ ինչպես է ամեն մի ընտրական հնարավորություն օգտագործել հետընտրական գործընթացներ գեներացնելու համար։ Չեմ կարծում, որ այսպիսի մերկացումներից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կգնա նոր լարվածությունների։ Դա երեւաց նաեւ երեկ կայացած հանրահավաքի նրա ելույթից, որով ՀԱԿ առաջնորդը փորձում էր մեկնաբանել հեղափոխության մասին իր տեսակետը, որ դա, իր պատկերացմամբ, ապստամբություն չէ եւ այլն։ Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից միանշանակորեն հասկանալի էր, որ նա այլեւս չի ցանկանում շարունակել այն գիծը, որը որդեգրել էր մինչեւ վիկիլիքսյան հրապարակումները, այսինքն՝ խաղալ ազգային խնդիրների վրա, դրանք օգտագործել որպես Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելու միջոց»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։
Նշենք, որ Wikileaks սկանդալային կայքը հրապարակել էր ամերիկյան դիվանագետների հեռագրերը, այդ թվում նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանների եւ փոխդեսպանների նամակագրությունը, որի մի զգալի մասն առնչվում էր Հայ ազգային կոնգրեսին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին:



























