2023 թվականի սկզբին մի քանի գործոններ որոշում են այս տարվա նավթի գների կարճաժամկետ եւ միջնաժամկետ դինամիկան։ Առաջարկի եւ պահանջարկի հետ կապված մտահոգությունը, դրամավարկային քաղաքականության խստացումը ամբողջ աշխարհում, տնտեսական աճի զգալի դանդաղման եւ հնարավոր ռեցեսիայի սպասումները, ինչպես նաեւ Չինաստանի աշխատանքի վերսկսումը՝ այս ամենը ազդում է հում նավթի գների վրա, գրում է OilPrice-ը։

Տարվա առաջին շաբաթվա ընթացքում նավթի գներն առաջին երկու առեւտրային օրերին նվազել են 9%-ով, ինչը տարվա ամենավատ սկիզբն է 1991 թվականից: Brent տեսակի նավթի գինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ իջել է մեկ տարվա վաղեմության մակարդակից։ Թերեւս դա հուշում է, որ «համատարած գնաճը հասել է գագաթնակետին եւ կարող է արագորեն նվազել առաջիկա ամիսներին»,- նշում է Reuters-ի վերլուծաբան Ջեյմի ՄաքԳայվերը:

ԱՄՆ-ում WTI նավթի հենանիշի տարեկան փոփոխությունը նույնպես մի քանի անգամ բացասական է դարձել վերջին երկու ամսվա ընթացքում։

ՄաքԳայվերի խոսքով՝ բազային հետեւանքները, այսինքն՝ գներն ու գնաճի մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկնում են, եւ կարող են վկայել էներգետիկ ապրանքների դեֆլյացիայի մասին, ինչը կարող է ուժեղացնել ավելի լայն գնաճի անկումը, այն մոտեցնելով ԴՊՀ-ի 2% նպատակային ցուցանիշին:

Այնուամենայնիվ, ԴՊՀ-ն չի հրաժարվում իր բազեական դիրքորոշումից եւ գնաճի դեմ պայքարի վճռականությունից, որը «կայուն» է եւ գտնվում է «անընդունելի բարձր մակարդակում», համաձայն Բաց շուկաների դաշնային հանձնաժողովի (FOMC) արձանագրության:

Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի նախագահ Ջեյմս Բուլարդն այս շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսության համար մեղմ վայրէջքի հեռանկարներն աճել են՝ 2022 թվականի աշնան համեմատ՝ շնորհիվ ուժեղ եւ ճկուն աշխատաշուկայի:

Այնուամենայնիվ, ռեցեսիայի վախերը պահպանվում են: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Չինաստանում նավթի ներկայիս թույլ պահանջարկը ուժեղացնում է նավթի գների կարճաժամկետ անկման հեռանկարները:

ING-ի ստրատեգներն ասում են, որ «նավթի շուկան կարճաժամկետ հեռանկարում ավելի ապահովված տեսք ունի, եւ ռիսկերը, ամենայն հավանականությամբ, դեպի նվազում են գնում: Սակայն նավթի մեր հաշվեկշիռը սկսում է շուկայի խստացում ցույց տալ 2-րդ եռամսյակից մինչեւ տարեվերջ, ինչը հուշում է, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակից մենք պետք է տեսնենք ավելի բարձր գներ»:

Ըստ PVM Oil-ի բրոքերի՝ «կասկած չկա, որ նվազման միտումը գերակշռում է, սա արջային շուկա է» (երբ ակտիվները երկար ժամանակ ընկնում են)։

«Ռուսական մատչելի նավթը նույնպես իր դերն է ունեցել դեպի ներքեւ աընդհատ շարժման մեջ, ինչպես եւ SPR-ի համակարգված թողարկումը: Այժմ հարցն այն է, թե արդյոք այդ ուժերը կգործեն ողջ 2023 թվականի ընթացքում, եւ արդյոք նավթի գների էժանացումը կլինի այս տարվա գլխավոր թեման»,- ասել է նա։