Դաշնակցությունն ու «Ժառանգությունն» առաջարկում են հայ-թուրքական արձանագրությունները հանել Ազգային ժողովի օրակարգից: Խորհրդարանում ելույթ ունենալիս ՀՅԴ կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ եթե թուրքական մեջլիսը հանել է արձանագրությունների քննարկման հարցն օրակարգից, ապա համանման քայլ կարող է ձեռնարկել նաեւ Հայաստանի Ազգային ժողովը:

«Մենք կարող ենք ոչ թե կասեցնել գործընթացը, այլ ընդհանրապես հանել արձանագրությունները դիտարկման ոլորտից: Բնական է, որ Հայաստանի նախագահը հետեւում է այդ հարցին, բայց մենք եւս կարող ենք նման երաշխավորությամբ հանդես գալ»,-հայտարարել է Ա. Ռուստամյանը: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Անկարան ցույց տվեց, որ մտադիր չէ վավերացնել արձանագրությունները, իսկ հայկական կողմը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի:

«Բնականաբար այդ հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ կարծիքները հաշվի են առնվում»,-հայտարարությունը մեկնաբանելով` հայտնել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերականացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: 2011 թ. օգոստոսին Անկարան հանեց արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից: