Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն 30 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը մայրաքաղաքում եւ երկրի երկու հարավային շրջաններում՝ հրամանագրի համաձայն, որը ստորագրվել է շաբաթ ուշ երեկոյան՝ ցույցերից հետո, որոնց հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը։

Միջոցառումները, որոնք ոստիկանությանը տալիս են հատուկ լիազորություններ եւ սահմանափակում են ազատությունները, ներառյալ հավաքների իրավունքը, տարածվում են Լիմայի եւ Պունո ու Կուսկո հարավային շրջանների վրա, որտեղ ապրում են մեծ թվով բնիկներ: Սահմանափակումները Պունոյում, որտեղ տեղի են ունեցել դաժան բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, ներառում է 10-օրյա պարետային ժամ:

Պերուն առաջին անգամ երկրում մեկամսյա արտակարգ դրություն է հայտարարել դեկտեմբերի կեսերին՝ նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի տապալման դեմ բողոքի ցույցերից անմիջապես հետո:

Ավելի վաղ Պերուի նախագահը հրաժարվել էր ցուցարարների պահանջով հրաժարական տալ։