Ռուսաստանը պատրաստվում է «ձգձգվող պատերազմի», ուստի ՆԱՏՕ-ն պետք է «երկարաժամկետ» հեռանկարում պատրաստվի եւ աջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Ելույթ ունենալով ռազմական ղեկավարների հանդիպման բացմանը, Ջեոանան ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում, մեծացնեն ռազմաարդյունաբերական արտադրությունը եւ օգտագործեն նոր տեխնոլոգիաներ՝ ապագա պատերազմներին պատրաստվելու համար։
«Որեւէ նախանշան չկա, որ Պուտինի նպատակները փոխվել են», - ասել է Ջոանան՝ հավելելով, որ Ռուսաստանը մոբիլիզացրել է ավելի քան 200 հազար հավելյալ զորք․ «Ուստի մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարի: 2023 թվականը դժվար տարի է լինելու, եւ մենք պետք է աջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»:
ԱՄՆ բանակի գեներալ, շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլին երեքշաբթի օրը գաղտնի հանդիպել է Ուկրաինայի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի հետ Լեհաստանի հարավ-արեւելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Հանդիպումը արագորեն կազմակերպվել է այն բանից հետո, երբ երկուշաբթի պարզ է դարձել, որ նա չի կարողանա անձամբ մասնակցել ՆԱՏՕ-ի հանդիպումներին։ Սպասվում է, որ նա հինգշաբթի կմասնակցի տեսահամաժողովին։




























