Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված ողբերգությունը սկսվել է հենց 2014 թվականին եւ հենց Ուկրաինայում՝ հակասահմանադրական, հակապետական զինված հեղաշրջմամբ։ Այս մասին Հայրենական մեծ պատերազմի վետերանների, պաշարված Լենինգրադի բնակիչների եւ հասարակական հայրենասիրական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչպես գիտենք, մեզանից պահանջվում էր օգնություն ցուցաբերել ղրիմցիներին: Այնուհետեւ հաջորդեցին Դոնբասի իրադարձությունները։ Եվ, փաստորեն, լայնածավալ ռազմական գործողությունները Դոնբասում չեն դադարել 2014 թվականից՝ ծանր տեխնիկայի, հրետանու, տանկերի եւ ինքնաթիռների կիրառմամբ։
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, ներառյալ հատուկ ռազմական գործողությունը, ինչպես ես բազմիցս ասել եմ, այս պատերազմը դադարեցնելու փորձ է։ Դա է մեր գործողության իմաստը: Եվ պաշտպանել մեր ժողովրդին, որն ապրում է այնտեղ, այդ տարածքներում։ Սրանք մեր պատմական տարածքներն են։ Ինչպես արդեն ասացի, Խորհրդային Միության փլուզումից հետո... Հիմա գնահատականներ չեմ տա, դա տեղը եւ ժամանակը չէ, բայց, ամեն դեպքում, Ռուսաստանը հաշտվել է այս իրադարձության հետ, չնայած այն հանգամանքին, որ դրանք մեր պատմական տարածքներն են։ Այնուամենայնիվ, մենք չէինք կարող չարձագանքել այն ամենին, ինչ սկսվեց տեղի ունենալ այնտեղ պետական հեղաշրջումից հետո, երբ նրանք սկսեցին, ըստ էության, բնաջնջել մարդկանց, ովքեր ապրում են այդ տարածքներում, միայն այն պատճառով, որ նրանք իրենց կապված են համարում ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի եւ իրենց ժողովրդի ու նախնիների ավանդույթների հետ:
Մենք երկար դիմացանք, երկար փորձեցինք համաձայնության գալ։ Ինչպես հիմա պարզվում է, մեզ ուղղակի խաբեցին։ Դե, սա առաջին անգամը չէ։ Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ արել ենք այս իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հիմա ակնհայտ դարձավ, որ դա, ըստ էության, անհնար էր, հակառակորդն ուղղակի պատրաստվում էր այս ամբողջ հակամարտությունը տեղափոխել սուր եւ թեժ փուլ։ Կրկնում եմ՝ մենք այլ ելք չունեինք, քան այն, ինչ հիմա անում ենք», - ասել է նա։




























