Դեկտեմբերին մանդատի ավարտից հետո Հայաստանի սահմանների երկայնքով ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու եւ ընդլայնելու ծրագրերը վերջնական տեսքի են բերվում, հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Երեւանի հետ փոխըմբռնում կա նոր ներկայության վերաբերյալ, սակայն նախորդ առաքելությունը փոքրաթիվ էր։ Այժմ մինչեւ 100 դիտորդներ կտեղակայվեն տարածաշրջանում՝ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակներում», - ասել է աղբյուրը՝ ըստ որի՝ «մի քանի քայլեր կան, որոնք դեռեւս պետք է համաձայնեցվեն նախքան առաքելության տեղակայումը, եւ առաջարկն այժմ կփոխանցվի Բրյուսելի Քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողով՝ երկու տարվա մանդատի խնդրանքով»:

Այնուամենայնիվ, պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանի առկա հետ լարվածությունը պետք է հաղթահարվի՝ հաշվի առնելով երկրի ներկայությունը տարածաշրջանում․ «ԱԴԾ-ն Հայաստանում ամենուր է։ Դեպքեր են գրանցվել, երբ ռուս սահմանապահները վերադարձրել են մեր դիտորդներին, թեեւ նրանց ուղեկցել են ՀՀ ՊՆ զինվորականները, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանի տարածքն է»։

«Կարեւոր է, որ ԵՄ-ն դեր խաղա նույնիսկ Եվրոպայի ծայրամասերում», - նշել է Հարավային Կովկասում Բրյուսելի հատուկ ներկայացուցչի խոսնակ Անրի Դուկենը․ «Տարբեր անդամ պետություններ տարբեր շահեր ունեն, սակայն ընդհանուր առմամբ սա մեզ համար առաջնահերթ տարածաշրջան է»։