Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի բացառում, որ առաջիկայում կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը կարող է վերսկսվել։ Նման տեսակետ նա հայտնեց սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Պատգամավորի համոզմամբ, գործընթացն առկախելու համար ՀԱԿ-ը որեւէ պատճառ չի ունեցել։ «Պատեհ եւ անպատեհ առիթները չպետք է օգտագործել երկխոսության առկախման համար։ Կարծում եմ՝ քաղաքական այդ ուժը կհասկանա, որ իշխանության հետ վերջնագրերի լեզվով չի կարելի խոսել։ Մենք համոզված ենք, որ ՀԱԿ-ն ըմբռնումով կմոտենա երկխոսությունը շարունակելու պատրաստակամությանը»,- նկատեց Մելիքյանը։
ՀՀԿ ներկայացուցչի խոսքով, երկխոսությունը արդյունք էր Հայաստանի նախագահի կոռեկտ, հավասարակշռված եւ զուսպ քաղաքականության, հետեւաբար իրենք հույս ունեն, որ հավասարակշռված երկխոսություն ծավալելու պատրաստակամություն կցուցաբերի նաեւ ՀԱԿ-ը:Ամփոփելով՝ Գագիկ Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս երիտասարդների հետ կապված օգոստոսի 9-ի հայտնի միջադեպը պարզապես առիթ էր, որպեսզի ՀԱԿ-ն առկախի գործընթացը։ «Ի վերջո ՀԱԿ-ը կհասկանա իր բոլոր առաջարկությունների սնանկությունն ու կշարունակի երկխոսությունը»,- ընդգծեց նա։



























