Եվրոարժույթի թվային տարբերակը կլինի անվճար եւ հասանելի բոլորի համար, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը չի ցանկանում պահպանել որեւէ անձնական տվյալ իր օգտատերերի մասին, ասել է ԵԿԲ խորհրդի անդամ Ֆաբիո Պանետան։
ԵԿԲ-ն աշխատում է իր արժույթի թվային տարբերակի վրա եւ գտնվում է ավելի լայն սխեմայի սահմանման գործընթացում, ինչպես նաեւ հույս ունի փարատել մտավախությունները, որ թվային արժույթը կարող է խաթարել ֆինանսական համակարգը եւ Կենտրոնական բանկին չափազանց շատ տվյալներ տրամադրել քաղաքացիների մասին:
Թվային արժույթը ուղղակի պահանջ է կենտրոնական բանկի հաշվեկշռին, ինչպես կանխիկ գումարը, ուստի այն համարվում է ավելի անվտանգ, քան կոմերցիոն բանկում պահվող ավանդը:
Հուսալով լուծել գաղտնիության հիմնական խնդիրը՝ Պանետան ասել է, որ ԵԿԲ-ն ձգտում է մուտք չունենալ անձնական տվյալներին:
Սակայն դա կարող է խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ հարկերից խուսափելու վերաբերյալ մտահոգությունները, ուստի օրենսդիրները օգտագործմանը հետեւելու տարբերակներ են փնտրում:
ԵԿԲ-ն դեռ միայն հետաքննում է թվային եվրոյի ստեղծման հարցը, իսկ բուն թողարկումը դեռ հեռու է:





























