ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող 20 նահանգներ դիմել են դաշնային դատավորին՝ միգրանտներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը դադարեցնելու խնդրանքով։ Այս մասին տեղեկացրել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով դատական փաստաթղթին։

Նշվել է, որ դատարան են դիմել Ալաբամայի, Ալյասկայի, Արքանզասի, Ֆլորիդայի, Այդահոյի, Այովայի, Քանզասի, Քենտուկիի, Լուիզիանայի, Միսիսիպիի, Միսուրիի, Մոնթանայի, Նեբրասկայի, Օհայոյի, Հարավային  Կարոլինայի, Թենեսիի, Յութայի, Արեւմտյան Վիրջինիայի, Վայոմինգի նահանգները։ Ընդ որում՝ կոալիցիան գլխավորում է Տեխասի նահանգը։

Հայտարարությունում նշվել է, որ միգրանտներին հովանավորելու քաղաքականությունն անօրինականորեն պայմանական ժամկետից շուտ ազատման ավելի շատ լիազորություններ է տրամադրում, որոնց կարելի է դիմել միայն բացառիկ դեպքերում։ Նահանգները նաեւ հայտարարել են, որ պաշտոնյաները պարտավոր են քաղաքացիներին թույլ տալ արտահայտել իրենց կարծիքը ծրագրի մասին՝ մինչեւ դրա գործողության մեջ մտնելը։