Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում ասել է, թե հավատում է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան կընդունվեն ՆԱՏՕ մինչեւ հուլիս։
Նա նաեւ ակնարկել է, թե ցանկանում է, որ ԱՄՆ-ը ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի նա հավանություն տա անդամակցության համար նրանց հայտերին։
Եթե այս հարցը ձգձգվի, ապա ռազմական դաշինքում նոր անդամներ ընդունելու ողջ գործընթացը հարցականի տակ կդրվի, ասել է Նիինիստյոն STT ֆիննական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Եթե դա տեղի չունենա մինչեւ Վիլնյուսի հանդիպումը, ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա հետո»,- հռետորական հարց է տվել Ֆինլանդիայի նախագահը.
Լիտվան պատրաստվում է հուլիսի 11-12-ը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողով անցկացնել ։
ՆԱՏՕ-ն իր գործող անդամներից պահանջում է միաձայն հավանություն՝ նորերին ընդունելու համար: Թուրքիան եւ Հունգարիան 30 անդամներից բաղկացած ռազմական դաշինքի միակ երկրներն են, որոնք պաշտոնապես չեն հաստատել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միացումը:
Թեեւ Հունգարիան խոստացել է դա անել փետրվարին, Թուրքիան երկու երկրների անդամակցությունը շուտով վավերացնելու պատրաստակամություն չի հայտնել։ Նիինիստյոն ընդգծել է, որ վերջնական որոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է։
«Կարծում եմ, որ նա ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր վրա ազդի որեւէ հասարակական ճնշում,- ասել է Նիինիստյո,- Բայց եթե Թուրքիայի եւ ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունների ընթացքում ինչ-որ բան ի հայտ գա, դա կարող է ազդեցություն ունենալ»:
Հունվարին Անկարան անորոշ ժամանակով հետաձգել է Բրյուսելում կայանալիք կարեւոր հանդիպումը, որը պետք է քննարկեր ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու երկրների անդամակցելու հարցը։
Նիինիստյոն նշել է, որ անցյալ տարվա գարնանը Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ից շատ հուսադրող հայտարարություններ են լսել անդամակցության սահուն եւ անցավ առաջընթացի մասին:
Նա ասել է, որ դա տեղի չի ունեցել՝ հավելելով, որ հետաձգումը գլխացավանք է ոչ միայն երկու դիմորդ երկրների համար։
«Ես տեսնում եմ, որ դա արդեն խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի համար։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի երկրները նույնպես զարմացած են»,- ասել է Նիինիստյոն։
ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դադարեցվել է այս տարվա սկզբին Ստոկհոլմում հակամահմեդական բողոքի ցույցերի պատճառով։





























