Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ չի նեղանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսից չեչենների դաժանության մասին նրա հայտարարությունից, ինչպես նաեւ նշել է, որ Վատիկանի ղեկավարը դեմ է գնում կրոնին։ Իր դատողությունները նա հնչեցրել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ նա անկախ մարդ չէ։ Որովհետեւ այն, ինչ նա այսօր թույլ է տալիս, կրոնում ընդունված չէ, նա կրոնին դեմ է գնում։ Եթե նա դեմ է գնում կրոնին, ապա ինչի մասին կարող է խոսք լինել, եթե նա մեր մասին է այդպես արտահայտվում» — ասել է Կադիրովը։
«Մենք երբեք դաժան չենք եղել։ Մարտիկներն ամենաբարի մարդիկ են, քանի որ նրանք իրենց զոհաբերում են ուրիշների համար: Նա պարզապես դա չի հասկանում: Նա ամբողջ կյանքում ապրել է ինչ-որ տեղ վանքում եւ չգիտի, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ես չեմ նեղանում նրանից, նա շատ ծեր է»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը։




























