Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը խոսել է երկրի նախկին նախագահների հանդիպման մասին, որը կազմակերպել էր ներկայիս ղեկավար Սադիր Ժապարովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, հանդիպումը տեղի է ունեցել չեզոք տարածքում։ Ինչպես հայտնի է դարձել ղրղզական AKIpress լրատվամիջոցին, այն անցկացվել է Դուբայում։

Աթամբաեւն ասել է, որ ինքը ներկա է եղել հանդիպմանը, սակայն տեղյակ չի եղել, որ ներկա են լինելու հանրապետության նախկին ղեկավարները։

«Ինձ ասացին, որ ինձ հրավիրել են հանդիպման նախագահ Սադիր Ժապարովի եւ Կամչիբեկ Տաշիեւի հետ, որպեսզի մենք կարողանանք հավասար հիմունքներով խոսել որպես ազատ մարդիկ եւ մոռանալ հին դժգոհությունները: Ես հիշում եմ լավը, ուստի չկարողացա հրաժարվել եւ նույնիսկ չեղարկեցի այցագրերի վերաբերյալ Իսպանիայի դեսպանի հետ նախապես ծրագրված հանդիպումը։ Ինչպես գիտեք, վարչապետ Պեդրո Սանչեսն ինձ հրավիրել է բուժման, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան:

Ես նույնպես կողմ եմ երկրում խաղաղությանն ու միասնությանը եւ բարձր եմ գնահատում նախագահ Ժապարովի բարի մտադրությունները։ Բայց հանդիպման վերջում մի իրավիճակ ստեղծվեց, երբ ես ստիպված էի հեռանալ անգիական ձեւով՝ առանց որեւէ մեկին հրաժեշտ տալու։ Եթե ​​հետագայում անհրաժեշտություն առաջանա, իհարկե կպատմեմ մանրամասները։

Մեր երկրում խաղաղության եւ միասնության հաստատումը եւ Բակիեւների վերադարձը Ղրղզստան երկու մեծ եւ տարբեր բաներ են։ Համակցումը բոլորովին այլ արդյունք կտա։ Չափազանց շատ արյուն է թափվել, չպետք է մոռանալ եւ չի կարելի մոռանալ: Եվ իհարկե, պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ ներումն առաջինը զոհերի հարազատների կողմից պիտի լինի։ Եվ ես հուսով եմ, որ նախագահ Սադիր Ժապարովը լսել է ինձ եւ ճիշտ որոշում է կայացրել», - ասել է Ղրղզստանի նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն արդարացվել էր 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած անկարգությունների գործով։

2020 թվականի հոկտեմբերի 5-ից 6-ը Բիշքեկում տեղի էին ունեցել հանրահավաքներ՝ ի նշան խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի։ Հետո սկսվել էին անկարգությունները։ Հոկտեմբերի 6-ին հանրության ճնշման տակ ԿԸՀ-ն ստիպված էր եղել չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ Գաղութներից ազատ էին արձակվել մի քանի դատապարտված քաղաքական գործիչներ։

Հոկտեմբերի 9-ին Ալմազբեկ Աթամբաեւը, նրա կողմնակիցները, Օմուրբեկ Բաբանովը եւ այլոք հայտարարել էին հերթական հանրահավաքի մասին։ Հրապարակում ծեծկռտուք էր սկսվել Սադիր Ժապարովի կողմնակիցների եւ պետության նախկին ղեկավարի միջեւ։

Ավելի ուշ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն եւ ՆԳՆ-ն նրանցից շատերին բերման էին ենթարկել։ Ոմանք մինչ օրս կալանքի տակ են գտնվում, իսկ մյուսների խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։