Գերմանիայի կառավարության կողմից արտահանման փաստաթղթերի դանդաղ հաստատումը մի քանի միլիարդ եվրոյով հետաձգում է Airbus Defense & Space-ի պաշտպանության արտահանումը, կիրակի օրը հայտարարել է գործադիր տնօրեն Մայքլ Շելհորնը՝ գերմանական իշխանություններին կոչ անելով արագացնել գործընթացը։

«Մի քանի երկրներ հետաքրքրված են A400M ռազմափոխադրող ինքնաթիռով: Ցավոք, մենք դժվարանում ենք ժամանակին ստանալ մեր գերմանական արտահանման լիցենզիաները», - Մյունխենի անվտանգության համաժողովում Reuters-ին տված հարցազրույցում ասել է Շելհորնը:

«Մեր խնդիրն այն է, որ մենք դեռեւս պայմանագրեր չենք ստացել Zeitenwende-ից, եւ կարեւոր արտահանումները չեն հաստատվում: Սա մեզ շատ անմխիթար վիճակի մեջ է դնում», - պարզաբանել է ընկերության տնօրենը։

Նա նկատի է ունեցել 100 միլիարդ դոլար արժողությամբ հատուկ հիմնադրամը, որը ստեղծվել էր անցյալ տարի՝ բանակը զրոյից վերականգնելու համար այն բանից հետո, երբ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է «Zeitenwende»-ի կամ անվտանգության քաղաքականության լայնածավալ փոփոխության մասին՝ ուկրաինական հակամարտության բռնկումից օրեր առաջ:

Նա ասել է, որ մի քանի ապրանքների պատվերները մնացել են Բեռլինի կառավարության պատասխանատվության գոտում, սակայն հրաժարվել է մանրամասներ տալ, թեեւ նա առաջարկել է ֆինանսական ծավալի մոտավոր գնահատական:

Ինչ վերաբերում է անշահավետ A400M-ին, Շելհորնն ասել է, որ հետագա զգալի ծախսեր չի ակնկալում՝ կապված արտադրության վերաբերյալ խնդիրների հետ, եթե զարգացումները շարունակվեն ինչպես նախորդ տարիներին:

Նա հավելել է, որ ընկերությունը պետք է ի վերջո ստանա մասնակի վճարումներ, որոնք կատարում էին հաճախորդները:

Հարցին, արդյո՞ք Եվրոպան ստիպված կլինի ապավինել Իլոն Մասկի SpaceX-ին ապագա տիեզերական զարգացման համար այն բանից հետո, երբ Airbus Defense & Space-ը կորցրել է երկու արբանյակ իր Vega C հրթիռի վրա, Շելհորնը ասել է, որ ցանկացած նման լուծում ժամանակավոր կլինի:

«Կախված առաքելությունից՝ մենք ստիպված կլինենք ժամանակավորապես օգտագործել այլ արձակիչներ՝ լինեն դրանք SpaceX-ից, թե մեկ այլ տեղից, մենք պետք է տեսնենք», - ասել է նա․ «Սակայն մենք չենք ցանկանում դա անել երկարաժամկետ հեռանկարում»: